Արևի ճառագայթները…Հինգերորդ ճառագայթն ընկավ…

«Տիեզերք» նախագիծ
Ղազարոս Աղայան

Պայծառ արևը բարձրացավ երկինք և ոսկեփայլ ճառագայթները տարածեց երկրի վրա, որ արթնացնի քնածներին:
Առաջին ճառագայթն ընկավ արտույտի վրա:
Արտույտը թպրտաց, թափ տվեց թևերը, դուրս թռավ բնից, բարձրացավ վեր ու վեր և սկսեց երգել բարձրաձայն.
– Ճի՜վ, ճի՜վ, ճի՜վ-ճիլի՜-վիլի՜, վո՜ւտ-վո՜ւտ, վո՜ւտ-վո՜ւտ-վո՜ւտ, ճը՜ռռ… որ մեր լեզվով նշանակում է` ինչքան լավ է առավոտ վաղ վեր կենալը, և ինչքան դուրեկան է թարմ օդ ծծելը:
Երկրորդ ճառագայթը նապաստակի վրա ընկավ: Նապաստակն ականջները խլշացրեց, նայեց դես ու դեն, ցատկոտելով մտավ ցողաթաթախ կանաչուտը և սկսեց նախաճաշիկ անել մեղրածոր խոտերով:
Երրորդ ճառագայթը հավաբունն ընկավ: Աքաղաղը թափ տվեց թևերը և կանչեց` ծուղրուղո՜ւ…ղո՜ւ-ղո՜ւ-ղո՜ւ: Կանչեց աքաղաղը հավերին, որ ցած իջնեն թառերից և առավոտվա նախաճաշիկն անեն: Հավերը ցած թռան, կչկչացին և աքաղաղի հրավերով սկսեցին քուջուջ անել:
Չորրորդ ճառագայթը փեթակի վրա ընկավ: Մեղուները տաքացան ու դուրս ընկնելով` դես ու դեն թռան տզտզալով, որ մեղրածոր ծաղիկներից իրենց սնունդը ստանան:

—————————————————————————————————————
2-րդ դասարանի խատուտիկները Paint ծրագրով նկարեցին իրենց դուր եկած հատվածը և շարունակեցին հեքիաթը…
Հինգերորդ ճառագայթն ընկավ…

Հինգերորդ ճառագայթն ընկավ շենքերի վրա։ Արևի տաք շողերից մարդիկ արթնացան, դուրս եկան բակ ու սկսեցին մարզվել։
Սամվել Բաբաջանյան

5-րդ ճառագայթն ընկավ խոտի վրա: Խոտը տաքացավ:
Ալեքսանդր Դեմիրճյան

Հինգերորդ ճառագայթն ընկավ մուկիկի վրա, նա ծվծվաց և արթնացավ։ Մկնիկը հիշեց, որ երեկվանից մնացել էր մի կտոր պանիր և գնաց նախաճաշ պատրաստելու։ 
Շուշան Հակոբյան

Հինգերորդ ճառագայթն ընկավ ինձ վրա: Ես արթնացա, ու մայրիկիս ասացի. -Բարի առավոտ:
Լևոն Հարոյան

Оставьте комментарий